31 մայիսի 2021 - 18:44 AMT
Գրիգորյան․ Առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի վերականգնման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։

«2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն` ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ։ Դրանք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում այս պահին շարունակվում է միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերի ուսումնասիրությունը։ Դրանք ուսումնասիրվում են ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում ՀՀ-ն:

Նույն համատեքստում, ըստ Գրիգորյանի, գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները:

«Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները: Կարծում եմ` առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ»,–ասել է Գրիգորյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկելու:

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը, որը ՀՀ կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գործում է նաև երեք ենթախումբ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է Զանգեզուրի միջանցք բացելու և Ադրբեջանի ու Թուրքիայի կապը ՀՀ տարածքով ապահովելու մասին։ Հայկական կողմը պնդում է, որ ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող, այլ բացվելու են կոմունիկացիաները։