1 հունիսի 2021 - 18:05 AMT
Սերժ Սարգսյանի եղբորորդին պատիժ չի կրի․ Արդարացանզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վճռել է դադարեցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Civilnet հաղորդմամբ, սպանության փորձի մեղադրանքով Հայկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Գործի քննման շրջանակներում մեղադրանքը վերաորակվել էր՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով։

«Դատարանը վճռեց՝ ճանաչել և հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել՝ վճարված 50 մլն դրամ գումարը վերադարձնել վերջինիս», - հայտարարել է դատավոր Աննա Դանիբեկյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի վճիռը։

2018 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանին։ 33-ամյա Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին: