3 հունիսի 2021 - 11:54 AMT
ԱԱԾ նախկին տնօրեն․ Հոկտեմբերի 19-ին Գասպարյանն ու Տոնոյանը զեկուցել են, որ պարտվում ենք

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքին, ասել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում չի տեղեկացրել, որ ՌԴ նախագահից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է եղել, թեև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը նիստի ընթացքում մանրամասն զեկուցել են, որ պարտվում ենք և վիճակն օրեցօր վատթարանում է։

Նա տեղեկացրել է, որ այդ շրջանում ինքն անձամբ 24 ժամյա ռեժիմով զեկուցել է պաշտպանական շրջաններից յուրաքանչյուրում տիրող իրավիճակի մասին, իսկ թե ինչու վարչապետը, ով կարող էր և պարտավոր էր, չի կայացրել անհրաժեշտ որոշումները, իրեն էլ է մտահոգում։ Նա նշել է, որ այդ տեղեկությունները ստանում էր և Գլխավոր շտաբից, և անմիջապես դիրքերից։

Նա նշել է, որ եթե Փաշինյանն այդ ժամանակ ընդուներ այդ առաջարկը, հազարավոր զոհեր չէինք ունենա, և ինքն առաջինը կողջուներ դա։

«Այդ ժամանակ դեռ չունեինք 5000 զոհ, Շուշին ու Հադրութի կեսը մերն էին»,- ասել է ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն։ Ընդհակառակը, 2020-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած անվտանգության նիստի ժամանակ Գասպարյանն ասել է` հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,–ասել էր Փաշինյանը։