3 հունիսի 2021 - 17:42 AMT
ՀԱՊԿ-ը ՀՀ-ում «Ամպրոպ» հատուկ զորավարժություն կանցկացնի

«Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունն այս անգամ կանցկացվի Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նա տեղեկացրել է, որ զորավարժությունը կանցկացվի 2 փուլով՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, հատուկ վարժեցրած որոնողական շների կիրառմամբ։

Հունիսի 1-3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ զորավարժության նախապատրաստման վերաբերյալ, որը նախատեսում է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում, գրում է Interfax-ը։

« Ամպրոպ» հատուկ զորավարժությունները սովորաբար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին են նվիրված: