4 հունիսի 2021 - 13:13 AMT
Թորոսյան․ Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ կա, ՌԴ-ն ջանում է

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը, որ Հայաստանում իրավիճակը հանգուցալուծվի առանց կրակոցի։

«Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում, հատկապես, Հայաստանին», - ասել է Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են։

«Դրանք շարունակվելու են, որ հասնենք այն հանգուցալուծման, որի մասին խոսել ենք՝ որ ադրբեջանական զինված ուժերը լքեն Հայաստանի սուվերեն տարածքն ու դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ հետ գործակցության արդյունքում», - նշել է Արսեն Թորոսյանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։