4 հունիսի 2021 - 16:08 AMT
Համայնքի ղեկավար․ Ադրբեջանցիները ՀՀ-ում ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում

Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։ Այդ մասին տեղեկացրել է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ ադրբեջանական դիրքերը մոտ են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սարատեղերին։ Սարատեղում արոտավայրեր են, որտեղ գյուղացիներն իրենց անասուններին տանում էին արոտի, բայց այդ սարի լանջին այլևս չեն արածացնում կենդանիներին, քանի որ ադրբեջանցիները նստած են դիրքերում։ Բնակիչները ստիպված կենդանիներին արոտի տանում են դեպի Շորժա՝ Ադրբեջանի սահմանի կողմ չեն գնում։

Երանոսյանը տեղյակ չէր այն միջադեպերի մասին, որոնք արձանագրել է ՀՀ ՄԻՊ-ը, ըստ որի՝ ադրբեջանցիները մեքենաներով իջնում են դեպի Վերին Շորժայի արոտավայրեր, դրսևորում ցինիկ պահվածք, սպառում գյուղացիներին՝ զենքի ցուցադրմամբ։ Սակայն նրա փոխանցմամբ՝ Վարդենիսի սարատեղում փայտից տնակներ են, որոնք կառուցել են բնակիչները, իսկ ադրբեջանցիները հասել են նշված տնակների վերևը։

«Մի 400-500 մետրի վրա եկել, իրենց պոստերում նստած են։ Վարդենիսի բնակիչներն այնտեղ իրենց անասուններին են պահում։ Այդ տարածքը հարթավայր է, որից անմիջապես բարձրանում է սարը, իրենք մոտ են՝ շատ մոտ են»,- ասել է Վերին Շորժայի ղեկավարը։

Համայնքապետը հայտնել է, որ ադրբեջանցիների կողմում արդեն նկատվում է աշխատող տեխնիկա, ադրբեջանական ԶՈւ շարժը կազմակերպելու համար շինարարություն են սկսել։ Մինչև վերջերս տեխնիկա չէր նկատել, իսկ հիմա ադրբեջանցիները մեքենաներով են սարի լանջով շարժվում։

«Սարի դոշին շարժ կա՝ տրակտոր են աշխատացնում։ Դրանք շատ լավ տեսնում ենք, մինչև դա չէր երևում։ Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատացնում, իրենց համար ճանապարհ բացում, որպեսզի դիրքերից դիրք կարողանան մեքենայով անարգել անցնել, մինչև այսօր մեքենա չէր նկատվում։ Իրենց պոստերը մոտիկ-մոտիկ են՝ էնքան էլ հեռու չեն՝ 500 մետր, 1 կմ, որտեղ իրենց հարմար է՝ ընտրել են ու պոստերը դրել»։

Դիրքերից, որտեղ ադրբեջանցիներն իրենց համար ընտրել են, տեղավորվել ու անգամ շինարարություն սկսել՝ նշանառության տակ են պահում սարատեղին։ Բարձունքից երևում է նաև Սևանա լիճը։ Վերին Շորժան 2430 մ բարձրություն ունի։

Հունիսի 3-ին Կութ համայնքի ղեկավարը ևս «Փաստինֆոյին» տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները սկսել են հողային աշխատանքներ՝ իրենց կողմից օկուպացված բարձունքներում։ Նրա կարծիքով՝ թշնամին խրամատավորվում է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի մարզի արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։