5 հունիսի 2021 - 12:12 AMT
Օնիկ Գասպարյան․ Նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և նախագծից հանել Ղազախի գյուղերի կետը

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արտաշատում ունեցած ելույթին, հայտարարություն է տարածել, որը հրապարակել է Armlur.am-ը։

Հունիսի 4-ին Փաշինյանն Արտաշատում հայտարարել է, որ նոյեմբերն քննարկվել է նաև Ղազախի շրջանի գյուղերի թեման։

«Մեր ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասում էր, որ ստորագրեմ էդ թուղթն էդ վիճակում։ Ես էլ ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի։ Մարդիկ ներկա են եղել, մի հոգի չէ, 4-5 հոգի չէ»,–ասել է Փաշինյանը։

Գասպարյանը նշել է, որ Ղազախի գյուղերի հարցի քննարկման ժամանակ ասել է, որ այդ հարցը Ղարաբաղի հետ կապ չունի և առաջարկել է հանել այդ կետը բանակցությունների միջոցով։

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել. պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չեմ թաքնվել և պատրաստ եմ պատասխան տալ իմ ամբողջ գործունեության համար։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Լսիր, Նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։

Ի դեպ՝ բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։ Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի և հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։

Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։

Ամեն դեպքում, Նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում»,- ասվում է Գասպարյանի հայտարարության մեջ։