7 հունիսի 2021 - 14:05 AMT
Բաքվում հայ ռազմագերիների դեմ դատավարությունը կսկսվի հունիսի 16-ին

Բաքվում հայտարարել են, որ հայ ռազմագերիների դեմ դատավարությունը կսկսվի հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։

Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» հոդվածով։

Նշվում է, որ Ավագյան Հրաչի, Սերոբյան Գեղամի և այլ անձանց (ընդհանուր 14 անձի) դեմ հարուցված քրգործը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում է, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Արցախում մարտական գործողությունների դադարից հետո, դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի 62 զինծառայողի գերեվարեցին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Ադրբեջանը նրանց «ահաբեկիչ» է կոչում և մտադիր չէ վերադարձնել։

Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարվածներից առնվազն 19-ին ադրբեջանցիները սպանել են, նրանց թվում նաև 4 կին կար։