7 հունիսի 2021 - 18:45 AMT
Տոնոյան․ ԲՀԿ-ի կարգախոսն է՝ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»

Խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Այս կարգախոսը բացարձակապես պատահական չէ ընտրված: Այսօր մեր երկրի բացարձակ առաջնահերթությունը, իհարկե, անվտանգությունն է, և դրանից հետո նոր տնտեսության զարգացումը և, բնականաբար, հզոր պետության ստեղծումը»,- ասել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Տոնոյանի խոսքով՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ակտիվ մասնակցություն է ունենալու ԲՀԿ քարոզարշավին։

«Գագիկ Ծառուկյանն անձամբ բոլոր 10 մարզում ունենալու է հանդիպումներ մարզկենտրոններում և քաղաքներում, անձամբ է ներկայացնելու կուսակցության ծրագիրը և նախընտրական այն պլատֆորմը, որով մենք մասնակցելու ենք ընտրություններին»,-ասել է Տոնոյանը:

Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը հիմնված է իրատեսական հիմքերի վրա, հաշվի են առնվել բոլոր առաջնահերթությունները, որոնք ծառացած են պետության առջև։

«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշակվել է 30 կետ, որոնք բնականաբար ամբողջությամբ չեն ներկայացնում խնդիրների լուծման մեխանիզմների սպեկտորը, սակայն սրանք առաջնահերթ քայլերն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել, իսկ իշխանության գալուց հետո, բնականաբար, բոլոր մեխանիզմները հանգամանորեն կներկայացնենք»,- ասել է Տոնոյանը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։