8 հունիսի 2021 - 10:56 AMT
Հունիսի 15-ից կվերսկսվի երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ

Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան տեղեկացրել է, որ հունիսի 15-ին Երևանից առաջին գնացքը կմեկնի Բաթում։

«Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Թբիլիսիով Երևանից Բաթում կմեկնի։ Դա նշանակում է, որ մեր դաշնակցային, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք և զբոսաշրջային այլ վայրեր»,-ասել է Տուրնավան, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուղևորատար գնացքների երթևեկությունը ՀՀ և Վրաստանի միջև դադարեցվել էր 2020-ի մարտին։ Հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ։