8 հունիսի 2021 - 12:18 AMT
Վանեցյան․ Եթե հոգնել են նախկին, ներկա, սև-սպիտակից՝ վստահեք մեզ

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ դիմելով քաղաքացիներին, կոչ է արել վստահել իր ներկայացրած ուժին՝ եթե հոգնել են նախկին, ներկա, սև-սպիտակ, աջլիկ-ձախլիկ և հազար ու մի անհեթեթ ու կործանարար բաժանումներից։

ԱԱԾ գնդապետի գնահատմամբ՝ մեկնարկել է Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը։ Նա ասել է, որ կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել-չլինելու մեջ, գրում է «Փաստինֆոն»։

«Մեր դաշինքը ստեղծվել է 2018-ին՝ չգնահատված, իսկ հիմա՝ հանրային կիզակետ Սերժ Սարգսյանի և սրանց կեղծավորությունը ու անհայրենիքությունը մի քիչ ուշացումով, բայց այնուամենայնիվ բացահայտած ձեր խոնարհ ծառայի միասնությամբ։ Վստահեք մեզ, եթե կարծում եք, որ երկիրը կարող են փրկել գիտակ ու հմուտ, թարմ ու էներգիայով լեցուն մարդիկ։ Վստահեք մեզ, եթե չեք ուզում ձեր թոռները հարցնեն՝ «պապ, ո՞նց եղավ, որ էսպես եղավ», այլ հպարտանան ձեզանով»,-ասել է Վանեցյանը։

Վանեցյանը նշել է, որ 14 օրվա ընթացքում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության գարշելի շքահանդես։ Որպես ԱԱԾ գեներալ՝ խոստովանել է՝ նրանցից շատերի ուղն ու ծուծը գիտի, գիտի նրանց բարոյական՝ ավելի ճիշտ անբարոյական նկարագիրը։

«Ցավոք խախտված են ոչ միայն մեր պետության ահմանները, այլև մարդկային բարոյականությունը, ինչը անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է, քանի որ բարոյականության սահմանախախտին ոչինչ չի խանգարում պատեհ պահին հատել նաև պետական սահմանը և անցնել թշնամու կողմը։ Այսօր մեր հանրապետությունում կան իրենց ՀՀ քաղաքացի համարող ստահակներ, որոնք բացահայտ քարոզում են մեր հազարավոր զավակներին սպանած, մեր հայրենիքի մի մասը բռնազավթած, զինվորներ գերեվարած թշնամու թեզերը»,- ասել է նա։

Վանեցյանը հորդորել է վստահել իրենց, որովհետև ուժեղ են, արդարամիտ և խոհեմ։ Նա կոչ արեց վստահել իրենց, եթե ցանկություն կա «ազատել մեր երկիրը չարի լծից և վերականգնել արդարությունն ու արժանապատվությունը»։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։