8 հունիսի 2021 - 18:12 AMT
Բաքվում Էուլջեկչյանի համար 20 տարվա ազատազրկում են պահանջել․ Նա ժխտել է բոլոր մեղադրանքները

Բաքվում մեկնարկած դատավարության ժամանակ պետական մեղադրողը 20 տարվա ազատազրկում է պահանջել լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի համար, տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը»։

Էուլջեկչյանը ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։

Էուլջեկչյանի փաստաբան Լեյլա Մամեդովան միջնորդություն է ներկայացրել գործը լրացուցիչ քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավոր Էլբայի Ալլահվերդիևը մերժել է այն։

Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։ Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։