9 հունիսի 2021 - 13:00 AMT
Փաշինյան․ Ադրբեջանին կառաջարկվի՝ որդիս պատրաստ է որպես պատանդ գնալ Բաքու

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզում հանդիպումներում անդրադառանալով գերիների խնդրին, ասել է, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու և որ համապատասխան մարմիններին հանձնարարվել է ադրբեջանական կողմին փոխանցել այդ առաջարկը։

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց հանկարծ չմտածեք, թե սա հուսահատ քայլ է գերիների խնդիրը լուծելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ շատ-շատ ինտենսիվ աշխատանք է տարվում։

Անդրադառնալով հունիսի 8-ին գերեվարված զինվորի վերադարձին՝ Փաշինյանն ասել է, որ դա որպես շատ դրական քայլ է որակում։

Նա նաև ասել է, որ գերիների թեմայով ամեն մի ավելորդ բառ կարող է անցանկալի զարգացումների բերել։

Ավելի վաղ, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Աշտարակում, ուր այցելել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ, անդրադառնալով գերիների հարցին, ասել է՝ տեսնում ես բանակցություններով չի ստացվում, դու էլ արա՝ 10-ին, 20-ին էլ դու վերցրու ու փոխանակի: «Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա, այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի․․․ Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, մի քանի տասնյակ զինվոր հետ կվերադառնա»,- ասել էր նա: