9 հունիսի 2021 - 14:08 AMT
Հարությունյան․ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե, ներքին բախումների հանգեցնի

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը կհանգեցնի, գուցե, նաև ներքին բախումների:

Նա հավելել է, որ իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել, գրում է Aysor.am-ը։

«Այդպես էլ պետք է լիներ, որովհետև գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք», - նշել է Հարությունյանը:

Նա նաև ընդգծել է, որ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. «Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա մտքեր է արտաբերում, անգամ դժվար է դրանք մտքեր անվանել, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում: Եվ ստիպված, յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով»:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։