14 մարտի 2009 - 17:24 AMT
Երեւանի քաղաքապետի ընտրությունները երիտասարդ սերնդին թույլ կտան գործնականում կիրառել իր գիտելիքները
«Ըստ երեւույթին, այժմ ե'ւ իշխանությունները, ե'ւ ընդդիմությունը նոր, լավ պատրաստված երիտասարդ կադրերի կարիք ունեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ազգային դեմոկրատների ալյանս» կուսակցության անդամ Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, Արշակ Սադոյանի գլխավորությամբ ԱԴԱ որոշել է երիտասարդական հասարակական ակումբ կազմակերպել, որի անդամները գործնականում կսովորեն պատրաստ լինել քաղաքական գործընթացներին: «Հնարավոր է` ցուցակ լինի, եւ երիտասարդները մասնակցեն Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին. այդպիսով, երիտասարդ սերունդը հնարավորություն կունենա գործնականում կիրառել իր գիտելիքները»,- հայտնել է Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը կուսակցության շանսերը բարձր է գնահատել, քանի որ, իր կարծիքով, իրենց օգտին քվեարկելու են ոչ միայն երիտասարդները, այլեւ ավագ սերնդի մարդիկ: Եթե ամեն ինչ լավ կազմակերպվի, նրանք հեշտությամբ կհաղթահարեն 7% սահմանը, գտնում է նա:

ԱԴԱ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն իր հերթին հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու գործընթացը փողի հետ չէ կապված: «Կուսակցության միջոցները թույլ չեն տալիս ծածկել նախընտրական քարոզարշավի ֆինանսական ծախսերը, եւ մենք որոշեցինք համատեղ միջոցներ օգտագործել, որպեսզի լուծենք այդ հարցը»,- հայտնել է ԱԴԱ նախագահը: