10 հունիսի 2021 - 12:02 AMT
Ֆրանսիան վերսկսում է վիզաների տրամադրումը

Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը վերաբացվել է՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից, տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մնում է խստորեն վերահսկվող։ Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):

Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների տեղաշարժը.

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

1-ին հնարավոր տարբերակ․ եթե պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:

2-րդ հնարավոր տարբերակ․ եթե պատվաստված չեք, իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակում է:

Հիմնավոր պատճառների ցուցակը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում.

Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև․

Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:

Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):

«Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում 7 օրով և լրացնել Հայտարարագիրը:

Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության»,-ասվում է գրառման մեջ։

Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույց.

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)`

• Հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար)։

• Հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:

• Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում — հաստատել ամսաթիվը:

Վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում: