14 մարտի 2009 - 18:19 AMT
Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի երիտասարդությանը տոլերանտության եւ համբերության են ուսուցում
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ British Council հայկական բաժինը, «Ապագան քեզ է պատկանում» հասարակական կազմակերպությունը եւ LoFT (Leap of Faith Together) ծրագրի հայկական թիմն անցկացնում են «Եկե'ք միասին ապրենք» ծրագիրը: Այսօր Երեւանում կայացել է «Ճանաչում ենք մեզ» ծրագրի հայկական մասի շնորհանդեսը:

Ծրագրին մասնակցում են 5 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուելսի եւ Իսրայելի ուսանողներ: Յուրաքանչյուր երկրից ընտրվել են 8 մասնակիցներ, որոնք 2008է. հոկտեմբերին եւ 2009թ. փետրվարին զանազան երիտասարդական, սոցիալական եւ հասարակական ծրագրեր են մշակել ու անցկացրել:

Հայաստանում անցկացվող «Ճանաչում ենք մեզ» ծրագիրը սեփական երկրի պատմության, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրման միջոցով ինքնաճանաչման հնարավորություն է տալիս: Ծրագրի հիմնական նպատակը երիտասադրության շրջանում տոլերանտությունն ու համբերությունը զարգացնելն են:

«Ճանաչում ենք մեզ» ծրագրի շրջանակներում Երեւանի տարբեր թանգարաններում ուսանողների համար Հայաստանի մարզերի մասին երկօրյա դասընթացներ են անցկացվել: Դասընթացները վարել են LoFT թիմի անդամները:

«Եկե'ք միասին ապրենք» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նախագծին մասնակցող 5 երկրների այցելություններ: