10 հունիսի 2021 - 13:12 AMT
ՀՀ-ում «կոնյակ» անվանումը դուրս կգա կիրառումից՝ ԵՄ-ն 3 մլն եվրո կհատկացնի

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ աջակցության համաձայնագրին, որով խթանվելու է «կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն դադարեցումը, որի համար Եվրոպան մտադիր է 3 մլն եվրո հատկացնել։

Այդ գումարով Հայաստանը պետք է դադարեցնի «կոնյակ» անվանման կիրառումը, նոր բրենդ մշակի հայկական խմիչքի համար, գովազդի ու խթանի դրա տարածումը և մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։

«Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»,– ասվում է որոշման հիմնավորման մեջ։

«Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը ներառված է ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017-ին և ամբողջությամբ ուժի մեջ մտել 2021 թ. մարտի 1-ից։