10 հունիսի 2021 - 16:26 AMT
Բաբաջանյան․ Անհապաղ ուշադրությունը կենտրոնացնել սահմանային բնակավայրերի վրա

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասել է, որ քաղաքը դարձել է խոցելի, թիկունքը մնացել է անպաշտպան, և անհրաժեշտ է անհապաղ հենց սահմանային բնակավայրերի ուղղությամբ կենտրոնացնել ուշադրությունը։

Նա ընդգծել է, որ իրենք պատկերացում ունեն՝ ինչ աշխատանք պետք է իրականացնել այդ ուղղությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Բախտորոշ, ճակատագրականան և սահմանային իրավիճակում ենք։ Առաջիկա ընտրությունները որոշելու են Հայաստանի լինել-չլինելու հեռանկարը: Ոչ միայն իշխանության հարց ենք լուծելու, այլև հատկապես մեր պետության ընթացքի և հայրենիքի ապագայի հարցը»,-ասել է նա:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։