11 հունիսի 2021 - 10:28 AMT
Ձերբակալվել է «Պատիվ ունեմի» ցուցակում ընդգրկված Խլղաթյանը

Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններիս բողոքը ներկայացվել է դատարան»,-ասվում է գրառման մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։