11 հունիսի 2021 - 10:33 AMT
G7-ի երկրները 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ կհատկացնեն ամենաաղքատ երկրներին

G7-ի երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ հատկացնել ամենաաղքատ երկրներին։ Ակնկալվում է, որ այդ երկրների ղեկավարներն այդ մասին կհայտարարեն գագաթնաժողովում։ Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիան այդ նպատակի համար կտրամադրի 100 մլն դեղաչափ, որից առնվազն 5 մլն դեղաչափը նախատեսվում է նվիրաբերել մինչև սեպտեմբերի ավարտը, մյուս 95 մլն դեղաչափը՝ 2022թ․ ընթացքում, գրում է ՌԲԿ-ն։

Ըստ Ջոնսոնի, պատվաստանյութերի 80 տոկոսը կբաշխվի ԱՀԿ COVAX հարթակի միջոցով, որն էլ ստեղծվել է հենց աղքատ երկրներին պատվաստանյութով ապահովելու նպատակով։

Ըստ Ջոնսոնի, այդ հարթակի շնորհիվ աշխարհի 129 երկիր 81 մլն դեղաչափ պատվաստանյութ է առաքվել, 96 տոկոսը՝ դա բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութն է, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի մասնակցությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ նպատակի համար ԱՄՆ-ն Pfizer պատվաստանյութի 500 մլն դեղաչափ կնվիրաբերի այդ նպատակի համար։

G7-ի գագաթնաժողովը մեկնարկում է հունիսի 11-ին բրիտանական Կարբիս-Բեյ քաղաքում։ Այն կավարտի աշխատանքը հունիսի 13-ին։