11 հունիսի 2021 - 18:30 AMT
Ավստրալիայում «ուսումնասիրում են» երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հաստատել է կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ հայտարարելով, որ այն «ուսումնասիրվում է», տեղեկացնում է այդ երկրի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU)։

Ավստրալիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում կիրառեց ցեղասպանություն եզրույթը, ինչը պատմական իրադարձություն դարձավ։

Հունիսի 3-ին ավստրալացի սենատոր Փեննի Վոնգը, որն ընդդիմության առաջնորդն է Սենատում, հարցրել է, թե ինչպես է «կառավարությունն արձագանքում նախագահ Բայդենի հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին»։

Ի պատասխան Փեյնը հայտարարել է, որ Ավստրալիայի դիրքորոշումը բարձրաձայնվել է այդ երկրի վարչապետի ապրիլի 24-ի ուղերձում։

«Դա մի հարց է, որը մենք ուսումնասիրում ենք»,- ասել է նախարարը։

«Մենք ուսումնասիրում ենք այլ երկրների գործողություններն այդ հարցում և նաև նրանց ենք ներգրավում․․․ Վարչապետի հայտարարությունը մի քայլ առաջ էր նրա նախորդ հայտարարություններից»,- ասել է Փեյնը՝ աջակցություն հայտնելով Ավստրալիայում բնակվող հայերի, ասորիների և հույների ջանքերին, որոնք կոչ են անում դաշնային կառավարությանը ճանաչել Ցեղասպանությունը։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել սենատոր Փեննի Վոնգին այդ հարցը բարձրացնելու և նախարար Փեյնին այն հաստատումի համար, որ կառավարության քաղաքականությունը վերանայվում է այդ հարցում արդարության և ճշմարտության հաստատման միջազգային միտումների լույսի ներքո։