11 հունիսի 2021 - 17:40 AMT
Gallup․ «Հայաստան» դաշինքը 0․3%-ով առաջ է անցել Փաշինյանի ՔՊ-ից

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ ընկերությունը հրապարակել է վերջին հարցման արդյունքները, որոնք համաձայն «Հայաստան» դաշինքը 0․3 տոկոսով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»։ Հարցին` եթե ընտրությունները տեղի ունենային այս պահին, որ ուժի օգտին կքվեարկեիք, 24.1 տոկոսը նշել է «Հայաստան» դաշինքը, 23.8 տոկոսը` «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Նախորդ շաբաթվա հարցումների համեմատ «Հայաստան» դաշինքի ցուցանիշն աճել է 3.5 տոկոսով, և այն բարձրացել է առաջին տեղը, իսկ «Քաղաքացիական պայմանագրինը»` 1.4 տոկոսով»,- ասել է «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Երրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է` 7.4 տոկոսով, չորրորդը` ԲՀԿ–ն` 3.7 տոկոսով, 5-րդը` ԼՀԿ–ն` 3.1 տոկոսով։

Հաջորդը Շիրինյան-Բաբաջանյան դաշինքն է 2.5 տոկոսով, հետո «Հանրապետություն» կուսակցությունը` 2.3 տոկոսով, Ազգային դեմոկրատական բևեռը` 0.8 տոկոսով, ՀԱԿ-ը` 0.8 տոկոսով, «Հայոց հայրենիք» կուսակցությունը` 0.7%, «5165» շարժումը` 0.7%, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը` 0.5%, Արդար Հայաստանը` 0.4%, Ինքնիշխան Հայաստանը` 0.3%, քաղաքացու որոշումը` 0.2%։ Մնացած 10 քաղաքական ուժը միասին ստացել են հարցվածների ձայների 1.1 տոկոսը։

Հանրության կողմից ամենաբարձր գնահատականի արժանացել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը (3․8 բալ)։

Մյուսները 5 բալանոց համակարգում չեն հաղթահարել անգամ 50 տոկոսի շեմը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.5 բալ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2.3-ական բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 2.1 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը` 1.8-ական բալ, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր– Պետրոսյանը` 1.6 բալ և ամենացածր գնահատականը` 1.5 բալ, ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Հարցվածների 9.2 տոկոսը հարցին պատասխանել է «ոչ մեկին», 8.9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 9.9-ը՝ հրաժարվել է։

ՔՊ-ն գյուղերում ստացել է հարցվածների ձայների մոտ 33 տոկոսը, մարզային քաղաքներում` 24.1, Երևանում` 16.2 տոկոսը։

«Հայաստան» դաշինքը, հակառակը` Երևանում ստացել է հարցվածների 27.5 տոկոս ձայները, մարզային քաղաքներում` 25.9, գյուղերում` 18.3։

«Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշը ևս բարձր է Երևանում` 9.3 տոկոս, մարզային քաղաքներում` 7.9, իսկ գյուղերում` չափազանց ցածր։

Հարցումների արդյունքների համաձայն` ներկա պահին ԱԺ անցնելու շանս ունեն առաջատար 5 քաղաքական ուժերը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։