11 հունիսի 2021 - 17:43 AMT
Մայր աթոռը կոչ է արել քաղուժերին, հատկապես՝ իշխանությանը, զերծ մնալ անպատշաճ խոսքից ու պահվածքից

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, հատկապես՝ իշխող կուսակցությանը, զերծ մնալ անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։

Հունիսի 10-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ Մայր աթոռում տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են ներկա իրավիճակին առնչված հարցեր, ավարտին ընդունվել է հայտարարություն։

«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։

Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։

«Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։

Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել է8, որ պետք է ծնկի բերել էլիտաներին, այդ թվում հոգևորական։