12 հունիսի 2021 - 11:54 AMT
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:

Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։

Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»,-ասվում է ուղերձում: