14 հունիսի 2021 - 12:38 AMT
Վրաստանի փոխվարչապետ․ 2-3 ամիս աշխատել ենք ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, անդրադառնալով 15 հայ գերու վերադարձին ականապատման քարտեզի դիմաց, հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները 2-3 ամիս շարունակ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։

«Վերջին 2-3 ամսվա ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», - ասել է Զալկալիանին:

Վրաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձը հիմք կհանդիսանա ինչպես մարդասիրական, այնպես էլ այլ կարևոր հարցերի լուծման նոր ձևաչափ ստեղծելու համար:

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորի՝ ԼՂ Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: