14 հունիսի 2021 - 16:07 AMT
Փաշինյան․ Բոլոր ջանքերը գործադրել ենք իշխանությունը պահելու համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Արևշատ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ, խոսելով վերջին 7 ամսվա «դաժան իրադարձությունների» մասին, ասել է, որ, չնայած դրան, իրենք գործադրել են բոլոր ջանքերն իշխանությունը պահելու համար։

«Վերջին 7 ասմում շատ դաժան և դժվար իրադարձությունների միջով ենք անցել, երբեմն եզրին ենք եղել, շատ ծանր է եղել մեր վիճակը, բայց բոլոր ջանքերը գործադրել ենք, որ իշխանությունը պահենք։ Մեզ ասում են՝ աթոռից են կառչել։ Մենք աթոռից կառչած չենք, մենք ուղղակի չենք կարող ժողովրդից ստացած իշխանությունը թողնել ամեն պատահածի»,-ասել է նա։

Դիմելով հավաքվածներն՝ Փաշինյանն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը բարձրագույն իշխանություն է։

«Միշտ ոնց է ընդունված եղել՝ որ մեծամեծերն են որոշում ժողովրդի ճակատագիրը, բայց հիմա դուք եք որոշում մեծամեծների ճակատագիրը, քանի որ ՀՀ-ում մեկ մեծամեծ կա՝ դա ժողովուրդն է»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։