14 հունիսի 2021 - 18:15 AMT
Զուրաբյան․ Վանաձորում պարզվեց՝ Փաշինյանը հետը հանրահավաքի 300-400 մարդու էր բերել

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի երևանյան ընտրարշավն արդեն բավականին լուրջ արդյունքներ է տվել։

Կիսվելով Գյումրիում և Վանաձորում ընտրարշավի տպավորություններով՝ նա նշել է․ «Վանաձորում մենք պարզեցինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքում 300-400 մարդ է եղել՝ Փաշինյանը հետը բերել է «կալոնայով», վանաձորցի 30-40 մարդ է մասնակցել», գրում է «Առավոտը»։

Ըստ նրա՝ և Փաշինյանը, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում, նույն մարդկանց տանում են հանրահավաքից հանրահավաք և տպավորություն են ստեղծում` իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Նա հավելել է, որ իրականում նման բան չկա։

«Խոշոր քաղաքներում տեսնում ենք, որ ժողովուրդն արդեն կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում և, մենք տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և ավելի սրտին մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման՝ ներքին և արտաքին վտանգների դիմակայման առումով լավագույն կառավարիչը կարող է լինել մեր պետության առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դա արդեն զգացվում է»,-ասել է նա։

Զուրաբյանն ասել է նաև որ այս ընտրությունները նվաստացուցիչ պարտության արդյունք են և հետպատերազմյան ժամանակաշրջանում մեր ժողովուրդը գտնվում է բավականին ընկճված վիճակում։

«Բնականաբար, ոչ մի ընտրությունների հավես չունի։ Դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, մարդիկ ուղղակի չեն ցանկանում գալ հավաքների, միտինգների և այլն»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։