14 հունիսի 2021 - 20:07 AMT
ԿԳՄՍՆ-ն հորդորում է զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց։

Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:

Նախարարության կողմից համապատասխան շրջաբերական գրություններ են ուղարկվել հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` ըստ համապատասխան օրենսդրության այդ հաստատություններում ցանկացած քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, ինչպես նաև քաղաքական բնույթ ունեցող գործընթացներին սովորողների մասնակցությունը բացառելու պահանջով:

ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաև կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային լիազորություններից դուրս:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։