16 մարտի 2009 - 10:38 AMT
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները պահանջել են իշխանությունների հրաժարականը
Մարտի 15-ին Թբիլիսիում տեղի է ունեցել միացյալ ընդդիմության հանրահավաքը, որին, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մասնակցել է շուրջ հազար մարդ: Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ռուսթավելու հուշարձանի մոտ, այնուհետեւ կազմակերպված ուղղվել են դեպի Կառավարության տուն: Նրանք կրում էին «NO VIOLENCE» կարգախոսով պաստառներ, դիմում էին իշխանություններին` կոչ անելով անհապաղ հրաժարական տալ: Հանրահավաքին մասնակցել են տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ըստ միավորված ընդդիմության հայտարարության, մարտի 15-ի հանրահավաքը ապրիլի 9-ին կայանալիք լայնամասշտաբ հանրահավաքի նախերգանքը կարելի է համարել: Ենթադրվում է, որ, ըստ նախնական տվայլների, հանրահավաքին կմասնակցի մի քանի հազար մարդ:

Հիշեցնեմ, որ 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում, խորհրդային ռեժիմի դեմ ուղղված հանրահավաքում քաղաքացիների ու իրավապահ մարմինների միջեւ բախումների արդյունքում, 19 մարդ զոհվեց, շուրջ 300-ը վիրավորվեցին: