15 հունիսի 2021 - 11:21 AMT
ՄԻՊ-ը՝ քաղուժերին․ Ձեր հայհոյանքները տարածվում են, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ բառերով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ դարձած հայհոյանքին, նշել է, որ այն չի կարելի դարձնել հանրային օրակարգի մաս և բոլորից պահանջել է դադարեցնել այդ պահվածքը:

Նա նշել է, որ եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են:

«Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերն արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով:

Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով:

Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոկրետ իրավիճակների:

Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան:

Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։