15 հունիսի 2021 - 13:11 AMT
Փաշինյան․ Ջարդելու ենք դուրսպրծուկների բոլոր հաշիվները, բոլոր ՍՊԸ-ները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն իր կողմնակիցների հետ ավտոերթով հասել է Սյունիք, Սիսիանում ելույթի ժամանակ ասել է, որ թավշյա մանդատը պետք է փոխարինվի պողպատյայով։ Ցուցադրելով մուրճը՝ նա ասել է, որ դա է պողպատյա մանդատի սիմվոլը։

«Սա է մեր պողպատյա մանդատի սիմվոլը, որով մենք շատ-շատ տեղերից հանելու ենք ժանգոտած մեխերին, քաղաքապետաաններում ծվարած դուրսպրծուկներին, քանի որ Սյունքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ՝ իրենց օֆշորային հաշիվները համալրելու միջոց։ Այս մանդատով ջարդելու ենք դրանց բոլոր հաշիվները, բոլոր ՍՊԸ-ները, հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու՝ ձեր անունից»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մարդիկ են եկել Սյունիք, քանի որ փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին։

«Դա անում են բաժանիր, որ տիրես կարգախոսի ներքո։ Մենք ասում ենք, որ ՀՀ-ն մեկ է և միասնական է, և դրանով է հզոր։ Սյունիքը Հայաստան է նույնքան, որքան Երևանը, Լոռին, Տավուշը․․․ Մենք կկտրենք Սյունիքը հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել հազարավոր մեքենաներով միանալ իր ավտոերթին դեպի Սյունիք։ Ավտոերթը նա անվանել էր «ազգային միասնաության ավտոերթ»։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։