16 մարտի 2009 - 10:56 AMT
Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնությունում առաջատարի իր դիրքերը զիջել է հունգարացի շախմատիստուհուն
Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը կանանց շրջանում Եվրոպայի անհատական առաջնությունում իր առաջին պարտությունն է կրել: Մկրտչյանը սեւերով պարտվել է հունգարացի շախմատիստուհի Հոանգ Տան Տրանգի հետ խաղում, որը, իր հերթին, այդ հաղթանակի շնորհիվ, առաջատար է դարձել մրցաշարում: 7-րդ փուլն անհաջող է ընթացել նաեւ մյուս հայ շախմատիստուհու` Նելլի Ագինյանի համար, որը սեւերով իր դիրքերը զիջել է Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի ներկայացուցիչներից հաթանակ են տարել Լիլիթ Գալոյանն ու Աննա Հայրապետյանը: Հայաստանի չեմպիոնն առաջ է անցել ռուս շախմատիստուհի Սվետլանա Մեդնիկովայից, իսկ Հայրապետյանն ուժեղ է գտնվել մյուս ռուս շախմատիստուհուց` Իրինա Պետրուխինայից: Սիրանույշ Անդրեասյան-Գալյա Լոմակին (Ռուսաստան) պարտիայում ոչ ոքի է արձանագրվել:

7 փուլից հետո Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով զբաղեցնում է 2-13-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, Ագինյանը վաստակել է 4 միավոր, Գալոյանը, Անդրեասյանն ու Հայրապետյանը հավաքել են 3,5 ական միավոր:

8-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Քրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ, իսկ Նելլի Ագինյանը կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Նատալիա Պոպովային: