15 հունիսի 2021 - 15:20 AMT
Քոչարյան․Հայկական կողմը հնարավորություն ուներ չպարտվելու Ղարաբաղի պատերազմում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն ուներ չպարտվելու Ղարաբաղում, պատերազմը կարելի էր կանգնեցնել։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում:

«Այդպիսի հնարավորություններ մենք ունեինք։ Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում էր: Իսկ պատերազմը դադարեցնելու առումով՝ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին», - ասել է Քոչարյանը։

Ըստ նրա, հայկական կողմը, միանգամայն անհասկանալի պատճառներով, մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ կհասկանան և դավաճան կանվանեն։ «Մենք ավելին կորցրեցինք, քան եթե այն ժամանակ համաձայնվեինք՝ նրան միևնույն է դավաճան են անվանում են և շատ ավելի մեծ ոգևորությամբ», - ասել է Քոչարյանը:

Որպես ռազմական գործողություններում անհաջողության պատճառ Քոչարյանը նշել է «բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը»:

«Բացարձակ թերընկալում, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն իր մարդկային ռեսուրսներով և ներուժով կարող է դիմակայել 1-1․5 շաբաթ: Այնուհետև պետությունն իր ամբողջ հզորությամբ գործի է անցնում, իրականացվում է մարդկանց մոբիլիզացիա, պահուստների պատրաստում, համալրում։ Այստեղ ձախողումը լիակատար էր», - ասել է Քոչարյանը:

Ըստ նրա, իրար հաջորդեցին անհասկանալի որոշումները, «այնքան անհասկանալի, որ դա մեծ կասկածներ էր առաջացնում, թե արդյոք այստեղ չկան պայմանավորվածություններ կամ դավաճանություն, մի բան, որն արդեն դավադրության տեսությունների դաշտից է»:

«Եվ այդ կասկածները մինչ օրս կան: Դրանք պարզապես պետք է ցրվեն ընտրություններից հետո մանրակրկիտ հետաքննությամբ: Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես է հանձնվել Շուշին, նույն Շուշիի պաշտպանության հետ կապված որոշ որոշումներ անհասկանալի են, պարզ չէ, թե ինչպես է հանձնվել Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, Հադրութից պիկապներով հայտնվել են Շուշիի մատույցներում: Բոլորովին անհասկանալի մի պատմություն՝ այս հարցերի պատասխանները պետք է տրվեն», - ասել է նախկին նախագահը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։