15 հունիսի 2021 - 15:27 AMT
Կոտրել են ՔՊ-ի Նոր Նորքի 7-րդ զանգվածի շտաբի ապակե դռները

Հունիսի 15-ի առավոտյան կոտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող շտաբի ապակե դռները։

Շտաբի ղեկավար Անահիտ Պետրոսյանն ասել է, որ ոստիկանները տեղեկացված են, ամեն բան արձանագրել են, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում տարածքի տնօրենի կինը մոտակայքում գտնվող իրենց խանութ գնալիս է եղել, նկատել է, որ նախընտրական պաստառի վրա Նիկոլ Փաշինյանի նկարի աչքերից մեկը կլոր կտրված, պոկված է եղել: Որից հետո հետ վերադառնալուց տեսել է, որ արդեն ապակիներն են ջարդել: Դա եղել է առավոտյան 7:00-8:00-ի սահմաններում: Ինչքան հասկացա դռներին հարվածել են մեծ քարի կտորներով: Ժամը 9:00-ի սահմաններում մենք եկանք, ոստիկաններին տեղեկացրինք»,-ասել է նա:

Անահիտ Պետրոսյանն ասել է, որ վարձակալած տարածքը կվերանորոգեն, կշարունակեն աշխատանքը՝ հույս ունենալով, որ ոստիկաններին կհաջողվի բացահայտել տեղի ունեցածը և նաև կանխել հետագա միջադեպերը:

Հունիսի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՔՊ անդամների և ԲՀԿ-ականների միջև։ ԲՀԿ շտաբի մոտով անցնելիս այնտեղից Փաշինյանի հասցեին պիտակավորող արտահայտություն է լսվել, որին պատասխանել են ՔՊ-ականները։ Իրարանցում է սկսվել։ Որոշ ՔՊ-ականներ մտել են ԲՀԿ շտաբ, սակայն, նրանց հետևից մտել են նաև ոստիկաններն ու դուրս հանել նրանց։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։