16 մարտի 2009 - 11:32 AMT
«Ժառանգությունը» դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով կմասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններին
«Մենք արդեն գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է ՀԱԿ-ի թեկնածուների ցուցակը Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Այդ որոշումն ընդունվել է առանց «Ժառանգության» հետ բանակցությունների: Այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող ասել կամ որեւէ կերպ մեկնաբանել այդ որոշումը, այսօր տեղի կունենա կուսակցության նիստը, որտեղ ամեն ինչ կորոշվի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք 2007 թվականի սցենարի կրկնությունը, երբ «Ժառանգությունը» միայնակ գնաց խորհրդարանական ընտրությունների, Խուրշուդյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ չի բացառում նաեւ այդ տարբերակը: «Բանակցությունները դեռեւս ընթանում են, մենք փորձում ենք որոշել մեր հետագա քայլերը»,-հայտարարել է նա:

Մարտի 15-ին տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի եւ նրա կենտրոնական գրասենյակի համատեղ նիստը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ: Հաշվի առնելով մայրաքաղաքի զգալի դերը երկրի տնտեսական քաղաքական կյանքում, մասնակից կուսակցություններն որոշեցին մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին: ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները որոշել են լիազորել կենտրոնական գրասենյակին քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը Երեւանի քաղաքապետի ընտրություններին համատեղ մասնակցության վերաբերյալ եւ պաշտոնական բանակցություններ սկսել «Ժառանգություն» կուսակցության հետ: