16 մարտի 2009 - 13:06 AMT
Կիրո Մանոյան. Երեւանն ու Անկարան կարող են փաստաթուղթ ստորագրել սահմանի բացման մասին արդեն այս տարի
Չի բացառվում, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն 2009 թվականին կարող են փաստաթուղթ ստորագրել սահմանի բացման եւ հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ելնելով թուրքական մամուլում հայտնված հրապարակումներից եւ այն հայտարարություններից, որ վերջերս անում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, նման փաստաթղթի ստորագրումն արդեն այս տարի միանգամայն հնարավոր է: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս ինքը հայտարարեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ մնացել են միայն տեխնիկական խնդիրներ, որ պետք է համաձայնեցվեն»,-նշել է Մանոյանը:

Նրա խոսքերով, Վրաստանում օգոստոսյան իրադարձություններից հետո պաշտոնական Անկարան փորձում է դրսեւորել իրեն տարածաշրջանում եւ հիանալի հասկանում է, որ առանց Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման, դա նրան չի հաջողվի: «Հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը չի ստորագրվի մինչ ապրիլի 24-ը: Անկարան ու ԱՄՆ-ի թուրքական լոբբին կսպասեն, թե կճանաչի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանությունը, թե ոչ»,-ընդգծել է Կիրո Մանոյանը:

Ինչպես նշել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը, ՀՅԴ-ն հուսով է, որ Հայաստանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կսահմանափակի Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հնարավորությունը, եւ կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը:

«Հարկավոր է մտածել, թե ում համար ավելի շահավետ կլինի բացել սահմանը` Հայաստանի թե Թուրքիայի: Հաշվի առնելով թուրքական տնտեսության զարգացումը, կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը դեռեւս պատրաստ չէ դիմակայել թուրքական ապրանքների հոսքին»,-նշել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը: