16 հունիսի 2021 - 14:35 AMT
ՄԻՊ․ Վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը համայնքապետերի հասցեին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է պահպանել գործադիր իշխանության ղեկավարի իրավական կարգավիճակը, ինչպես նաև այն, որ ՄԻՊ իրավասությունը վերաբերում է պետմարմիններին և պաշտոնատար անձանց՝ անդրադարձել է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք հարցերի, որոնք արձանագրվել են Սյունիքում հունիսի 15-ի քարոզարշավի ժամանակ։

ՄԻՊ-ը, մասնավորապես, նշել է․

1. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: Ավելին, մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն):

Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն): Հաշվի առնելով ոստիկանության ուղիղ ենթակայությունը վարչապետին՝ նման բառապաշարը կարող է սխալ ուղերձ ընկալվել Ոստիկանության տարբեր ծառայողների համար:

Վարչապետի պաշտոնակատարի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել՝ սպառնալով Ոստիկանության միջամտությամբ («իրավապահ մարմինների կրունկների տակ եք հայտնվելու (....) ոտնատակ կտանք» և այլն):

2. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:

Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու հարցերում իրավասություն:

Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախևառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:

3. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայական միջամտությունների հետ:

Նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ:

Վերջին օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում իր ելույթների ժամանակ մուրճ է ցուցադրում, մուրճի հետ կապված համեմատություններ անում։ Սիսիանում նա ասել է․ «Սա է մեր պողպատյա մանդատի սիմվոլը, որով մենք շատ-շատ տեղերից հանելու ենք ժանգոտած մեխերին, քաղաքապետաաններում ծվարած դուրսպրծուկներին, քանի որ Սյունքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ՝ իրենց օֆշորային հաշիվները համալրելու միջոց։