16 հունիսի 2021 - 18:46 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։

Ըստ հռչակագրի, նման ռիսկերի դեպքում, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված նախաձեռնություններով, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն։ Ընդ որում՝ աջակցության ծավալն ու ձևը կորոշվի անհապաղ քննարկումների և համատեղ միջոցառումների օգնությամբ, իսկ երկու երկրների Զինված ուժերն անհրաժեշտ համակարգում կիրականացնեն, գրում է Interfax.az-ը։

Բացի այդ, հռչակագրում կա կետ, ըստ որի Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերն՝ ուղղված երկու երկրների ԶՈւ արդիականացմանն արդիական պահանջներին համահունչ։

Հռչակագրի մեկ այլ կետով՝ Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են հանդես գալիս առանձին երկրների արխիվների բացմանը և 1915թ․ իրադարձությունների ուսումնասիրմանը պատմաբանների կողմից։ Ըստ Բաքվի և Անկարայի՝ «դա թույլ կտա կասեցնել ՀՀ անհիմն բողոքները Թուրքիայի դեմ, պատմության խեղաթյուրումն ու պատմության խեղաթյուրված փաստերի քաղաքականացումը»։

Էրդողանն ու Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին։Ըստ Ալիևի, այն ամենաբարձր մակարդակի է բարձրացնում երկու երկրի միջև հարաբերությունները։ Ալիևը հավելել է, որ Շուշիի հռչակագրով նախատեսվում է ամրապնդել գործակցությունը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում։