18 հունիսի 2021 - 18:09 AMT
Թորոսյանի նախկին տեղակալը կաշառքի գործով 7 տարով ազատազրկվել է

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նախկին տեղակալը՝ Արսեն Դավթյանը կաշառքի գործով 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, առանց գույքի բռնագանձման։ Այս մասին ասել է դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել կաշառքի գործով ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը։

Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018-ին ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Իսկ մանկաբարձ գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։