18 հունիսի 2021 - 19:01 AMT
«Իզմիրլյան» ԲԿ տնօրենին վերագրվող ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին առերևույթ սպառնալու վերաբերյալ ձայնագրությունը, որը հայտնվել է համացանցում, ուղարկվել է Հատուկ քննչական կոմիտե։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, գրում է «Փաստինֆոն»։

ՀՔԾ-ին հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել դեպքի վերաբերյալ։

Փաստերի ստուգման հարթակը ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, որը նաև «Հայաստան» դաշինքի անդամ է, իր կոլեկտիվի հետ հանդիպմանը նրանց պահանջ է ներկայացնում, որ իրենք պարտադիր մասնակցեն հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Ձայնագրության մեջ նա նաև նշում է, որ հնարավորություն ունի ստուգելու, թե իր աշխատակիցներից ով է մասնակցել ընտրություններին, ով՝ ոչ։