21 հունիսի 2021 - 14:52 AMT
Պեսկով․ Տեսնում ենք՝ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են ընտրությունների մասին Երևանից ստացվող տեղեկություններին՝ նշելով, որ տեսնում են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել:

«Մենք ողջունում ենք ՀՀ ԿԸՀ տեղեկատվությունն այն մասին, որ ընտրությունները կայացել են։ Անշուշտ, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել։ Մենք շնորhավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի մերձավոր դաշնակիցն է և գործընկերը։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի նրան հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ կան երկրում, և դուրս գալ կայուն զարգացման ճանապարհի, այդ թվում նաև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել են ՌԴ նախագահի անմիջական մասնակցությամբ»,-ասել է Պեսկովը։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

Photo. TASS