21 հունիսի 2021 - 17:35 AMT
ԼՀԿ-ն հարգում է ժողովրդի որոշումը․ Կպատրաստվի աշնանային ՏԻՄ ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ հարգում են ժողովրդի որոշումը և խորհրդարան անցած ուժերին մաղթում արդյունավետ աշխատանք։

Նշվում է նաև, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում է աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում և վերահաստատում համոզմունքն առ այն, որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։