21 հունիսի 2021 - 18:15 AMT
Վրաստանի վարչապետն ու Լիտվայի ԱԳՆ-ն շնորհավորել են Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, արձանագրած հաջողության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Սերտ գործակցություն եմ ակնկալում նոր կառավարության հետ»,-գրել է նա։

Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել նաև Լիտվայի ԱԳՆ-ից։

«Անկեղծորեն շնորհավորում ենք հայ ժողովրդին հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Սա ժողովրդավարության և եվրոպամետ բարեփոխումների ակնհայտ հաղթանակ է։ Ակնկալում ենք հետագա գործակցություն նոր կառավարության հետ»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։