21 հունիսի 2021 - 18:31 AMT
Կենտրոնը՝ «նախկիններին», ծայրամասերը՝ «նորերին»․ Երևանի քվեները

Երևանը միակ մարզն է, որտեղ ՔՊ առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» 50%-ից պակաս ձայն է հավաքել՝ 42․31%։ Սակայն այստեղ էլ Փաշինյանը, միևնույն է, հաղթել է` հավաքելով 145 հազար ձայն` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 93 հազարի դիմաց։

Քոչարյանին հաջողվել է «մաքուր» հաղթանակ տանել միայն Կենտրոն-Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքները ներկայացնող 9 ու 4 ընտրատարածքներում։ Առաջինում նա հավաքել է մոտ 20 հազար ձայն՝ Փաշինյանի 18․2 հազարի դիմաց, իսկ Արաբկիրում՝ 17․6 հազար ձայն՝ Փաշինյանի մոտ 15 հազարի դիմաց։

Եվս 2 համայնքում՝ Ավանում ու Զեյթունում, Փաշինյանը հաղթել է, սակայն զիջել է նախկին 3 նախագահի ստացած քվեների հանրագումարին։ Նոր Նորքում հօգուտ Փաշինյանի ձայները գրեթե հավասար են եղել 3 նախկին նախագահի օգտին տված ձայների հանրագումարին՝ չնչին զիջմամբ։

Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա, Շենգավիթ, Էրեբունի ու Նուբարաշեն համայնքներում Փաշինյանը վստահ հաղթանակ է տարել «նախկինների» նկատմամբ։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։