22 հունիսի 2021 - 11:48 AMT
Քոչարյան․ Մանդատները լրացուցիչ լուրջ լծակ են տալիս, որը կհամադրվի փողոցային պայքարի հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ԱԺ ընտրված ըննդիմության կողմից մանդատներից հրաժարվելու հավանականության մասին հարցին, ասել է, որ դաշինքում այդ հարցը քննարկվում է և վերջնական որոշում դեռ չկա: Սակայն, իր կարծիքով, մանդատներից հրաժարվել պետք չէ, քանի որ դա շատ լուրջ հնարավորություն է տալիս շարունակելու պայքարը։

«Պայքարը շարունակվելու է և այդ պայքարի համար մենք ստացել ենք շատ լուրջ, լրացուցիչ լծակներ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ընտրությունների արդյունքում լրջորեն փոխվել է քաղաքական ամբողջ լանդշաֆտը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական։

Ինչ վերաբերում է անձամբ իր կողմից մանդատը վերցնելու հարցին, ապա Քոչարյանն ասել է, որ ինքն ավելի շատ գործադիրի մարդ է, իրեն օրենսդիրում այնքան էլ չի պատկերացնում. «Սակայն, դա իմ կարծիքն է, եթե դաշինքում որոշեն, որ ես էլ պետք է մասնակցեմ, ուրեմն հարկ կլինի սթափ ամեն ինչ գնահատել և սառնասիրտ որոշում կայացնել»։

Քոչարյանը հավելել է, որ մանդատները վերցնելը չի ենթադրում հրաժարում փողոցային պայքարից, որում դաշինքը շատ մեծ փորձ է կուտակել և փողոցային պայքարը համադրելու են խորհրդարանական պայքարի հետ։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։