22 հունիսի 2021 - 15:32 AMT
Դավթյան․ Ադրբեջանցի 1000 զինծառայող կա ՀՀ-ում՝ ընդհանուր թիվը մնացել է նույնը

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թվին, ասել է, որ նրանց քանակը, ինչպես նախկինում հայտարարվել էր, 1000 է՝ ընդհանուր թիվը մնացել է նույնը։.

Նա ասել է նաև, որ հայկական տարածքում ոչ մի զիջում չեն պատրաստվում կատարել և զիջումներ չեն լինելու, տեղեկացնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Շորժայի հատվածում հայկական կողմը խրամատներ է փորում և այդ տարածքում շենք-շինություններ կան, որոնք մնում են հայկական և ադրբեջանական կողմի արանքում՝ Դավթյանն ասել է՝ հուսով են, դա կկարգավորվի բանակցային գործընթացով։

«Իսկ բանակցային գործընթացքով չկարգավորվելու դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն։ Միջադեպերն այն ծավալով, որ նախկինում կային, այս պահի դրությամբ չկան, և դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացով», - ասել է Դավթյանը։

Նա նշել է, թե բանակցային գործընթացի փուլերի մասին չի հայտարարվում դրան չվնասելու համար։

ԳՇ պետի խոսքով՝ բանակը պատրաստ է ուժային տարբերակով խնդիրը լուծել, սակայն դա ցանկալի չէ՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած կորուստների քանակը և նոր արհավիրքներից զերծ մնալը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։