22 հունիսի 2021 - 15:56 AMT
ՌԴ դեսպան․ Հայ գերիների հարցը ՌԴ ուշադրության կենտրոնում է՝ որոշակի առաջընթաց կա

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման մասին հարցին, ասել է, որ այդ հարցում վերջնական որոշում չկա։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է նաև ադրբեջանական կողմի համաձայնությունը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց տարածքներում Սյունիքում արդեն կան ռուսական սահմանային անցակետեր, գրում է «Փաստինֆոն»։

Դեսպանը նշել է, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է՝ վստահեցնելով, որ այդ հարցում որոշակի առաջընթաց կա։

«Մենք ողջունեցինք 15 գերու վերադարձը, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Ռուսաստանն ամեն ինչ արել և անում է, որպեսզի գերիները վերադառնան տուն: Այս հարցում մեծ է մեր խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի դերը, այս հարցով նաև զբաղվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Բայց միշտ չէ, որ ամեն ինչ արագ և հեշտ է ընթանում: Սակայն այդ փոխանակումը, այսինքն՝ գերիների փոխանակումն ականապատ դաշտերի քարտեզների հետ, դժվար թե հնարավոր լիներ առանց ռուսական կողմի նախնական աշխատանքի»,-շեշտել է նա:

Կոպիրկինը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: Ինչ վերաբերում է, թե որքանով է հավանական, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն այցելեն տարածաշրջան, դեսպանն ասել է, որ լսել է նման գաղափարների մասին, բայց կոնկրետ տեղեկություններ չունի:

«Մենք կարծում ենք, որ համանախագահների ձևաչափը շարունակում է գործել: Այս ձևաչափն օրակարգում է, ամեն ինչ կախված է կողմերի դիրքորոշումից», - նշել է Կոպիրկինը:

Ինչ վերաբերվում է Հայաստանում անցած ընտրություններին, դեսպանն ասել է, որ համակարծիք է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքի հետ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝ Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։