23 հունիսի 2021 - 10:59 AMT
Բաբայան․ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին, ասել է, որ սխալ է համարում դա։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի»,-ասել է նա, գրում է «Իրավունքը»։

Հունիսի 21-ին և 22-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Ցուցարարները պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։ Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։

Հունիսի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հարությունյանը հանդես է եկել ուղերձով: Պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ նա ասել է, որ չեզոքություն է պահպանել և եղել եմ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլև հանդիպումներ ունեցել քաղաքական այլ ուժերի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ:

«Պարզապես միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել», - ասել է նա և հավելել, որ պատրաստ է երկխոսության բոլորի հետ։

«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից: Կամ թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»,-ասել է Հորւթյունյանը։

Ավելի վաղ Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացրել էր, որ հունիսի 22-ին ևս Արցախում տեղի է ունենալու ինքնաբուխ հանրահավաք՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։«Դա Արցախի հայերի իմիջի պահանջն է: Արայիկ Հարությունյանը երեկ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում, երբ նրան հարցրեցին, թե նա ինչ է անում, Հարությունյանն ընկավ խուճապի մեջ, քանի որ հասկացավ, որ իր համար ճանապարհը դեպի Արցախ փակ է: Նախագահից նա վերածվեց ՔՊ-ական ակտիվիստի՝ իր քաղաքական թիմով հանդերձ», - շեշտել է պատգամավորը: