23 հունիսի 2021 - 19:17 AMT
Պուտինն ու Ալիևը քննարկել են տրանսպորտային կապերի վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտները։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,-տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվեն են նաև երկկողմ օրակարգի հարցեր։

Եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների իրականացման մասին են խոսել նաև ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով նաև հումանիտար խնդիրների լուծմանը Լեռնային Ղարաբաղում։

«Մի շարք հարցեր են քննարկվել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման համատեքստում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման առումով։

Նշվել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ավանդը տարածաշրջանի հետպատերազմյան զարգացման գործում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։